ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները․ Քոչարյանը՝ իր աջակիցներին

Պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները․ Քոչարյանը՝ իր աջակիցներին

Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որ ես եմ գլխավորելու, իրենք իմ դեմ քարոզչություն են անում, իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում․ հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»,– ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով հանդերձ զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ինքն էլ պետք է մտնի նույն պրոցեսի մեջ։ «Մենք գիտենք երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով, ուղղակի այս հարցում վստահեք ինձ»,–ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։

«Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա  և թշվառ ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Սա է լինելու ընտրությունը, ցավոք էլի սև ու սպիտակի է վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,–ասաց նա։

  • Կիսվել: