ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է. Նիկոլ Փաշինյան

Ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ խորհրդարանի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «արդարացնելու իրենց՝ խորհրդարան գալը». Սեյրան Օհանյանը մի այսպիսի օրինակ բերեց՝ «մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար»: Բայց ես կարծում եմ՝ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն:

Սա, կարծում եմ, բոլորի համար տեսանելի և հստակ իրողություն է: Ընդհանուր առմամբ, այստեղ փորձ արվեց վիճարկել, թե ընտրությունների արդյունքներով արդյոք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվե՞լ է, թե՞ չի հաղթահարվել:

Այո՛, ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Ուզում եմ ասել, որ մեծ հաշվով մենք ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու»:

Փաշինյանի խոսքով՝ ներքաղաքական վիճակի հաղթահարված լինելու թեման վիճարկողները հույս ունեն արտաքին ճգնաժամերի:

«Հիշում եք, մեկը կար ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի: Հետո ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը, հետո էլ էլի ոչ բարով «ԻՄ քայլը» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկն ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի: Մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք. Եթե ռազմական էս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, եթե իրենց համար խրամատավորվել են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում և անհրաժեշտության դեպքում պետք է ըստ այդմ այդ գործողությունները կասեցվի»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: