երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ընտրությունների արդյունքներն անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

Ընտրությունների արդյունքներն անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

Արադարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձել է ՍԴ դիմած կուսակցությունների միջնորդություններին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 3-րդ կողմ է։

«Մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին»,- շեշտել է Սրբուհի Գալյանը։ Այն հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, Գալյանը ընդգծել է. «Դրանց անդրադարձել ենք մեր դիրքորոշումներում և մեր կողմից բարձրացված հարցերում, իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները։ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևերը»»,- ասել է նա և շեշտել, որ մյուս 2 ուժերի հետ կապված՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իր կողմից վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Ըստ նրա. «Արդյունքների անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի ներկայացրած փաստարկներում առկա չէ»։

Ըստ Գալյանի. «Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք»,- նշել է արդարադատության նախարարը և ասել, որ միայն մի կետում իրենց հետ համաձայն չեն՝ որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության։

  • Կիսվել: