Ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը. Միրզոյան
Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ պատասխանե;ով հարցին, թե երբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները, և կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։
՛՛Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքներն ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար՛՛,-ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և իրենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում վերոնշյալ կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե մշակվու՞մ է արդյոք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:
Այս առնությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:
Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։՛՛
Միրզոյանի խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է։



