երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ընդդիմությունը շատ կարևոր տեղեկատվություն ստացավ. Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց փակ նիստից

Ընդդիմությունը շատ կարևոր տեղեկատվություն ստացավ. Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց փակ նիստից

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումից, որն անցկացվեց դռնփակ ռեժիմով:

Քննարկման նախաձեռնությամբ հանդես էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

«Ես կարծում եմ՝ ամեն ինչ համերաշխ էր, որը շատ կարևոր է: Անվտանգության հարցերում համերաշխությունը մեր կարևոր ձեռքբերումը պետք է լինի: Եվ այսօր, ոնց որ թե, այդ նախանշանները դրվեցին: Ես անձամբ շատ գոհ եմ: Ընդդիմությունը ծանոթացավ այն ծրագրերին, որին դեռ ծանոթ չէր, նաև շատ կարևոր տեղեկատվություն ստացավ, որը, կարծում եմ, իրենց առողջ մտածելու տեղիք կտա»,-ասաց Քոչարյանը:

Զորամասի կացարանում հրդեհի պատճառով 15 զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ քննարկումներ չեն եղել փակ նիստում: Քոչարյանի խոսքով՝ քննարկել են, թե ինչ այդպիսի վտանգավոր օջախներ կան, և, թե ոնց կարելի է դա հաղթահարել:

«Կարծում եմ՝ ընդդիմության նախաձեռնած այսօրվա քննարկումը միտված էր իրենց ուսումնասիրությունների քննարկման առարկան Պաշտպանության նախարարի հետ իրականություն դարձնելուն, որը տեղի ունեցավ»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե հրդեհի ողբերգական դեպքից հետո կարելի՞ է ասել, որ զորամասի նման կացարաններ չկան՝ Քոչարյանը նշեց, որ Պաշտպանության նախարարն էլ մանրամասն, թվերով ներկայացրել է, թե առաջնագծի որ հատվածում ինչ դժվարություններով ինչ խնդիրներ են լուծվել: «Բայց ծավալը շատ մեծ է, և ակնկալել, որ վաղը կունենանք այն, ինչ ունենք առանձին հատվածներում, այդպես չէ: Ընթացքը գնալով պետք է թափ ստանա և ստանում է»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ խնդրահարույց զորամասեր դեռ կան, դրանց մասին փակ նիստում խոսվել է:

Փակ նիստին մասնակցում էր նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: