հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ընդդիմությունն ընդունում է իր մեղքը իշխանափոխությունը ձախողելու հարցում և խոստանում է կրկին փորձել

Ընդդիմությունն ընդունում է իր մեղքը իշխանափոխությունը ձախողելու հարցում և խոստանում է կրկին փորձել

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտնում է, որ ընդդիմությունը կրկին փորձելու է հեռացնել իշխանությանը:

 Վարդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել իշխանությանը հեռացնելու համար

«Մենք դեռ չենք կարողացել հեռացնել, քանի որ իշխանությունն իրենց համար ամեն ինչ է: Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի: Եվ սա լինելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում. կարծում եմ՝ այս երկու կենտրոններում պետք է ձևավորվի հեռացնելու նոր գործընթաց»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության սխալը ո՞րն էր, որ իշխանությանը չկարողացան հեռացնել՝ պատգամավորն ասաց. «Այդ մեղքերը մենք էլ ենք վաղուց ընդունել, հազար անգամ ասել ենք, որ չենք կարողացել համախմբել, չենք կարողացել հանրության ավելի լայն շրջանակների հասանելի դարձնել այս կործանարար ընթացքը»:

Վարդանյանի պատկերացմամբ՝ անհրաժեշտ է ընդամենը պայմանական 100 մարդ, որոնք 100 տոկոսով իրար հետ համաձայն են, պատրաստ են կանգնել մինչև վերջ, մինչև վերջ գնալ ինքնազոհաբերության, վճռական ցանկացած քայլի:

«Գիտե՞ք մեր ողբերգությունն ինչ է. մենք այդպես էլ չունեցանք ազգային պետական էլիտա, որոնք նույն արժեքների վրա հիմնված են, նույն մտածողությունն ունեն և իրար հետ պատրաստ են ամեն ինչի գնալու: Իմ կարծիքով՝ պետք է պարտադրել ազգային պետական էլիտա՝ տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային գործիչներից: Եվ, եթե այդ 100 մարդիկ մեկ անգամ վճռական կանգնեն, կա նաև մեկ խնդիր՝ առաջնորդի հստակեցման խնդիրը, որը ընթացքում պետք է լինի, ապա ես վստահ եմ, որ այս գործընթացն այլևս կանգ չի առնի, և մենք այդ նպատակին կհասնենք։ Այդ 100 մարդու մեջ կունենանք Հայաստանի հաջորդ իշխանության հիմնական կարևորագույն դեմքերին, որոնք այս դժվարագույն վիճակում, միևնույնն է, ելքեր կգտնեն, քանի որ ելքերը Հայաստանում են»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: