Ընդդիմությունն ուղղակի տեսախցիկների առջև շատ երևալու կամ լռությունը խախտելու համար մտքի գոհարներ է արտասում. Պալյան
Միանշանակ կողմ եմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն ձևակերպման հետ, որ խորհրդարանում այսօր այլևս չկա ընդդիմություն, գոյություն չունի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանը
«Ընդդիմությունը, երբ շոու սարքելու նպատակ ունի կամ ինչ-որ քաղաքական դաշտում որոշակի լռություն են նկատում, գալիս ինչ-որ ինտրիգային հայտարարություններ են փորձում անել, որոնց, մեղմ ասած, քաղաքացին լուրջ չի վերաբերվում։
Ես ձեզ անկեղծ եմ ասում, ոչ թե նրա համար, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, իրականում ճիշտ եմ ասում։ Ես ինքս շատ էի ուզում և շատ կուզեմ, որ գոնե այս վերջին մի քանի ամիսներին ընդդիմությունը ավելի կառուցողական դաշտ վերադառնա և խոսի իրականության մասին, խոսի այն խնդիրների կամ այն ձեռքբերումների մասին, որ իրականում ունենք, ոչ թե ուղղակի տեսախցիկների առջև շատ երևալու կամ ինչ-որ լռությունը ուղղակի խախտելու համար մտքի գոհարներ արտասանեն Ազգային ժողովի ամբիոնից և բոլոր հնարավոր հարթակներից»,–ասաց նա։
Անդրադառնալով օգոստոսի 8–ի վաշինգտոնյան փաստաթղթին, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ որ օգոստոսի 8-ի իրադարձությունները գյումրեցին և ոչ միայն գյումրեցին, որակում է որպես պատմական իրադարձություն։ Ու դա իրականում այդպես է, ինչքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները հնարավորությունը բաց չթողնեն և ԱԺ ամբիոնից փորձեն անլրջացնել այդ պրոցեսը, բայց իրենց արածը, մեղմ ասած, ծիծաղելի է, որովհետև իրականում պատմական օր էր օգոստոսի 8-ը և մենք այլևս ապրում ենք խաղաղ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը այսօր Հայաստանում հաստատել է խաղաղություն»։


