Ընդդիմության որոշ մասի ակտիվացման պատճառը եղել են քրեական գործերը. Արմեն Գրիգորյան
Ամբողջ պետական համակարգը և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Այս մասին ասաց Անվտանգութայն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե երկրում տեղի ունեցող զարգացումները համավարակի ֆոնին որքանով են սպառնում մեր ազգային անվտանգությանը, արդյոք կա՞ն խնդիրներ։
Նա կորոնավիրուսը համարեց մեծ մարտահրավեր երկրի համար, միաժամանակ նշեց, որ կառավարության հետ համատեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, որպեսզի դրանք մինիմումի հասցվեն։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ վարակակիրների տվյալները հայտնվել են ադրբեջանցի հաքերների ձեռքում, Արմեն Գրիգորյանն ասաց, որ տվյալների հայտնվելը այլ մարդկանց կամ այլ պետության ձեռքում ուսումնասիրում են, ԱԱԾ-ն ունի հանձնարարական՝ հասկանալու դրա պատճառները. «Սպասում ենք բացահայտմանը, դրա վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»։
Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ԱԽ քարտուղարն ասաց, որ այդ առումով այս պահին մտահոգվելու կարիք չկա:
«Ամբողջ պետական համակարգը և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր և քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է, կորոնավիրուսի տարածումը: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,- ասաց նա:
Հարցին, թե կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի հատվածի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:
Դիտարկմանը՝ այսօր հակապետական որևէ քայլեր չեն նկատո՞ւմ, ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս նշեց, որ այս պահին ՀՀ-ում հիմնական խնդիրը կորոկավիրուսի հետ կապված իրավիճակն է։ «Մնացած մասով ամբողջ անվտանգության համակարգը իրավիճակը վերահսկում է»,- ընդգծեց նա։


