երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ընդդիմության և իշխող կուսակցության պատգամավորները վիճել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության շուրջ

Ընդդիմության և իշխող կուսակցության պատգամավորները վիճել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության շուրջ

Ես հասկացա, որ ինձ շատ դժվար օրեր են սպասվում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 17-ին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։

«Ինչպե՞ս եք կարծում, կա՞ն արդյոք Հայաստանում մարդիկ, որոնք կալանքի տակ են հայտնվել բացառապես իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Այսինքն, եթե այդ մարդիկ ունենային այլ քաղաքական հայացքներ, հնարավո՞ր է՝ նրանք կալանքի տակ չհայտնվեին», - հարցրել է Մանուկյանը։

Ի պատասխան՝ Գաբրիելյանը հայտարարել է, որ չի տեսել, թե որևէ մեկը կալանքի տակ գտնվի քաղաքական պատճառներով։

«Ես միշտ հետևում եմ այն մարդկանց հարցազրույցներին, որոնց մասին դուք հիշատակեցիք։ Նրանք իրենք այդ մասին շատ ավելի հազվադեպ են խոսում։ Ավելի հազվադեպ, քան դուք։ Դուք խոսում եք մանդատների գողության մասին, բայց մինչ օրս ես չեմ լսել, որ այն ուժը, որին դուք դա վերագրում եք, ինքը երբևէ որևէ բան ասած լինի այդ մասին», - նշել է թեկնածուն։

Մանուկյանը տարակուսանք է հայտնել լսածի կապակցությամբ և Գաբրիելյանին առաջարկել է լսել Արման Աբովյանի, Իվետա Տոնոյանի, Նորա Առուստամյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բազմաթիվ այլ անդամների ելույթները։

«Քանի որ դուք հայտարարում եք, թե ոչ ոք չի խոսել մանդատների գողության խնդրի մասին, խորհուրդ եմ տալիս լսել», - ավելացրել է Մեսրոպ Մանուկյանը։

  • Կիսվել: