ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմության առաջնորդներին սիրել-չսիրելու հարցը դիտարկելու փոխարեն պետք է հասկանանք՝ ով կարող է էֆեկտիվ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հայրենիքի առջև․ Վանեցյան

Ընդդիմության առաջնորդներին սիրել-չսիրելու հարցը դիտարկելու փոխարեն պետք է հասկանանք՝ ով կարող է էֆեկտիվ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հայրենիքի առջև․ Վանեցյան

8-րդ գումարման ԱԺ-ը սովորական պայմաններում ձևավորված ԱԺ չէ․ դա կապիտուլյացիոն խայտառակ պայմանագրից հետո ձևավորված առաջին ԱԺ-ն է։ Որքան էլ կարևոր լինեն ծառատունկի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները, մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է ապահովենք մեր երկրի, մեր մեծ հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգային երկարաժամկետ երաշխիքները, և մենք տեսնում ենք, որ պարտված իշխանությունն ի վիճակի չէ սպասարկել հայկական շահը, 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում օրենսդիր մարմնի, ինչպես նաև գործող իշխանությունների աշխատանքի վերաբերյալ իր գնահատականն է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը իշխանություններից Հայաստանի քաղաքացիների հիասթափության և հայրենիքից մեծածավալ արտագաղթի հիմնական պատճառ է համարել անվտանգության երկարաժամկետ երաշխիքների բացակայությունը։

«2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, պաշտոնական տվյալներով, ունեցել ենք 102 000 արտագաղթած Հայաստանից։ 9 ամիսն է դեռևս ամփոփված։ Համոզված եմ, որ երբ ամփոփվի ևս 3 ամիսը, այս թիվը շատ ավելի մեծ է լինելու։ Այդքան մարդիկ ինչո՞ւ են գնացել Հայաստանից։ Կարծես թե՝ իշխանությունները մշտապես ասում են, որ տնտեսության վիճակը լավ է, երկիրը զարգանում է, բացվում են նոր աշխատատեղեր, անգամ ասում են, որ աշխատողների պահանջ կա, բայց աշխատողներ չկան, իսկ մարդիկ գնում են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ չունեն անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։ Ես դա մեծ ցավով եմ ասում», - նշել է Արթուր Վանեցյանը։

Պատերազմից հետո խոստացված «խաղաղության դարաշրջանի» փոխարեն գործող իշխանությունների օրոք, Արթուր Վանեցյանի խոսքով, շարունակվում են մեր նկատմամբ ագրեսիան, սպառնալիքները, մարտահրավերները, կորուստները։ 

«Տեսնում ենք, որ ադրբեջանցիները անպատիժ գործում են ՀՀ տարբեր սահմանամերձ գյուղերում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական զինուժն այսօր 41 քառակուսի կիլոմետրով մտած է ՀՀ տարածք։ Պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր «խաղաղության դարաշրջան» բացել, սուտ էր, բացառապես ընտրություններին ձայներ հավաքելու նպատակ էր հետապնդում։ Պատերազմից հետո «խաղաղության դարաշրջանի» փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ․ նոր գերիներ, նոր սպանված զինվորականներ, քաղաքացիական անձինք, սպառնալիքներ, որ կմտնենք, կգրավենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կբացենք։ Սիսիանի վերջին դեպքերը, Վարդենիսի դեպքերը․․․ Մարդիկ իրենց տներում չեն կարողանում հանգիստ քնել, որովհետև անօդաչու թռչող սարքերը գալիս են և կախվում են մարդկանց գլխին», - ասել է Արթուր Վանեցյանը։

Ստեղծված իրավիճակում, նրա համոզմամբ, հասարակությունը պետք է առաջնորդվի ոչ թե զգացմունքային գնահատականներով, այլ այն առաջնահերթությամբ, թե ո՛ր քաղաքական ուժը կամ գործիչը կարող է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։

«Օրերս մի հարցազրույց եմ տվել, որը քննարկման առարկա դարձավ։ Լրագրողն ինձ ասաց՝ համաձայն եմ, որ այդպես է, որ այս իշխանություններին չեն սիրում։ Կարո՞ղ է՝ ընդդիմության առաջնորդների մեջ է հարցը, չեն սիրում նրանց։ Ասացի՝ կարող է և չեն սիրում ընդդիմության առաջնորդներին, բայց սիրել-չսիրելու կատեգորիա այստեղ չպետք է լինի, դա չպետք է դիտարկենք։ Պետք է հասկանանք՝ ով կարող է էֆեկտիվ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հայրենիքի առջև», - ընդգծել է Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: