Շեֆերը վերջում են գալիս՝ Ստալինի քաղաքականությունն է. ՔՊ-ն մասնակցում է Գյումրու ավագանու նիստին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիի ավագանին երկրորդ նիստն է հրավիրել։
Քվորումն ապահովվեց առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների։ Այնուհետև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ «Մեր քաղաքը» խմբակցության անդամների փոփոխություն է եղել։
Նիստն արդեն մեկնարկել էր, երբ նիստերի դահլիճ մտան ավագանու ՔՊ անդամները՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ։
«Բարև ձեզ, համեցեք, նստեք։ Շեֆերը վերջում են գալիս՝ Ստալինի քաղաքականությունն է։ Թող նստեն, հետո կշարունակենք»,-արձագանքեց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ընտրվելու են 2 փոխքաղաքապետերը և հանձնաժողովների ղեկավարները:
Գյումրու ավագանու մյուս բոլոր խմբակցությունները ևս ներկա են նիստին: Այս անգամ ներկա է նաև Մարտուն Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը:
Նշենք, որ ինքը` Մարտուն Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել ավագանու մանդատից: