Ընդդիմադիր պատգամավորը դժգոհ է ԱԺ-ում քննարկվող հարցերից․Ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս նիստում այլ հարցերի վրա այդքան ժամանակ ծախսել
Նիստերի դահլիճից ներս և դուրս առկա է հակադրվող իրականություն: ԱԺ-ում նման դժգոհություն հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ Իշխան Սաղաթելյանի թեկնածության հարցի քննարկմանը:
«Արդեն պարզ է, թե ինչու է ձգձգվում այս գործընթացը, իրականում որ կողմն ինչի է ուզում հասնել, քաղաքական ուժերն ինչ իրական նպատակներ ունեն, որին փորձում են հասնել կամ չեն կարողանում: Մենք իրականում այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն: Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված այս ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս գալ և այս հարցերի վրա այդքան մեծ ժամանակ ծախսել»,- ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը նվազագույնի է հասցրել իրենց ելույթները, հարցադրումները՝ ոչ թե ասելիքի բացակայության պատճառով, այլ, որովհետև գիտակցում է, որ կա գործընթաց, որը պետք է տանել, արագ վերջացնել և անցնել այն հիմնական խնդիրներին, որ առկա են:
Աբրահամյանը հիշեցրեց Հայաստանի գլխավոր օրակարգը՝ հետպատերազմյան Արցախում և Հայաստանում ճգնաժամի հաղթահարումը, բանակի մարտունակության վերականգնումը և Հայաստանի համար անվտանգ միջավայրի ստեղծումը: «Իրականում մենք այսօր բավականին խորը խնդիրներ ունենք»,- նշեց նա:



