շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգ

Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանը: 

«Իրավիճակը շատ լուրջ է, մենք տեսնում ենք ռազմական գործողություններ, տեսնում ենք զոհերի մեծ թիվ, հաղորդվում է խաղաղ բնակիչների թիրախավորման մասին, տեսնում ենք շատ զոհեր խաղաղ բնակիչների շրջանում: Բոլոր դաշնակիցները մտահոգ են: ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չէ, մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին, քանի որ միջազգային հանրությունը նրանց է դիմել, մենք սատարում ենք նրանց ջանքերը` քաղաքական կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է` չի ասում, որ հեշտ է հասնել քաղաքական կարգավորման, սա այն չէ, ինչին կարելի է հասնել մոտ ապագայում:

«Բայց ես անկեղծ հավատում եմ, որ դա առաջընթաց է, մենք պետք է անհապաղ դադարեցնենք կրակը և ռազմական գործողությունները: Հայաստանին և Ադրբեջանին կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները, սա իմ կոչն էր երեկ, այսօր և վերջին շաբաթներին»,- նշել է նա:

Անդրադառնալով այս հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության մասին հարցին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է.

«Թուրքիան մեր գնահատելի դաշնակիցն է, բայց ես նաև ցանկանում եմ, որ Թուրքիան իր ազդեցությունն օգտագործի`այս լարվածությունը թուլացնելու համար»:

  • Կիսվել: