շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը. Համբարձում Մաթևոսյան

Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը. Համբարձում Մաթևոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են, բարեհաջող կընթանան։ Վարչապետը խոսել է համապատասխան բանաձևերի մշակման կարևորության, գրագետ ակտիվության մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի տնտեսական ներդրումները ծառայեցնել շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը: «Առաջիկայում մենք այլ անելիքներ էլ ունենք, մասնավորապես՝ COP 17 համաժողովի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով: Եվ այս առումով նույնպես ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել, որովհետև այդ միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունն ստացել է քվեարկության արդյունքում: Ուզում եմ այստեղ ընդգծել նաև Շրջակա միջավայրի նախարարության և պարոն Սիմիդյանի անձնական դերակատարումը: Դա մասշտաբային մի միջոցառում է, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր երկրի հեղինակության մասին է խոսքը: Իհարկե, մեզ համար դա մեծ հնարավորություն է, որպեսզի առավել կենտրոնանանք բնապահպանական և շրջակա միջավայրի խելացի կառավարման օրակարգի վրա: Ցավոք, միշտ չէ, որ մենք այդ օրակարգերի վրա բավարար չափով կենտրոնացած ենք, և COP 17-ը մեզ համար առիթ է այդ օրակարգը վերանայելու»։

Հակոբ Սիմիդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընձեռված հնարավորության համար և նախարարության գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և նշել, որ Համբարձում Մաթևոսյանի դեպքում ծրագրերի և բարեփոխումների շարունակականությունն ապահովված է: Հակոբ Սիմիդյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ոչ միայն նախարարության աշխատանքի, այլ նաև COP 17-ի շրջանակում:

Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը Ձեր հանձնարարականների և Կառավարության ծրագրի համաձայն»։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժով:

  • Կիսվել: