Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի մասով, իհարկե, տարվա ընթացքում եղել են փաստաթղթի առաջարկների մի շարք փոխանակումներ, նաև եղել են մասնակի, առանձին ձևակերպումներ, եղել են պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ և քննարկումներ նախարարների մակարդակով, եղել են երկրների ղեկավարների մակարդակով: Այնուամենայնիվ, մենք չունենք ստորագրված փաստաթուղթ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք վերջինն ուղարկել ենք ամիսուկես առաջ՝ մեր հերթական առաջարկը, և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց՝ օգոստոսին հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 հոդվածները և նախաբանը, սակայն դրան ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել:
«Շարունակեցինք բանակցությունները, և այժմ ունենք 17 քննարկվող հոդվածներից 15-ը, տեսնենք՝ ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը այն երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ:
Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլև հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ «խաղաղության խաչմերուկը» ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների առանձին երկրների, կազմակերպությունների կողմից:
«Իհարկե դրա կոմպոնենտներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին; Առաջարկը որ մենք արել ենք, հասցեագրում է բոլոր գոյություն ունեցող խնդիրները, վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երկաթուղիների ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը, և այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նաև նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց»,- ասաց Արարատ Միրզոյանը։