երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վոլոդինն աջակցել է Սիմոնյանի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում տարածաշրջանային անվտանգության խնդիրները քննարկելու գաղափարին

Վոլոդինն աջակցել է Սիմոնյանի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում տարածաշրջանային անվտանգության խնդիրները քննարկելու գաղափարին

Հոկտեմբերի 10-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հանդիպումը կայացել է Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում։ Քննարկվել են Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցեր, հայտնում է duma.gov.ru-ն։

«Մենք լիակատար ըմբռնում ունենք, սա լավ հիմք է, երբ ժողովուրդները միմյանց նկատմամբ բարյացակամ են վերաբերվում, երբ տարաձայնություններ չկան։ Պետական մակարդակով մենք դա պետք է օգտագործենք հարաբերությունները զարգացնելու համար։ Իսկ դրա համար պետք է հետագա նոր քայլեր ձեռնարկել»,- կարծիք է հայտնել Պետդումայի նախագահը։

Վոլոդինը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը քաղաքական խմբակցությունների և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի և Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների միջոցով. «Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի դրանից շահեն մեր ժողովուրդները»:

Առանձնահատուկ ուշադրություն, ըստ Վոլոդինի, պետք է դարձվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական հարթության շրջանակում փոխգործակցությանը։

Պետդումայի նախագահը նշել է նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի կայուն զարգացումը, դրական միտում կա զբոսաշրջության ոլորտում։ Այսպես, ըստ նրա, Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի հունվար-հուլիսին կազմել է 2 միլիարդ դոլար, ինչը 47,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանին և Հայաստանին վաղուց են կապում բարեկամական սերտ հարաբերությունները. նա կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Պետդումայի պատգամավորների միջև երկխոսությունն ակտիվացման կարիք ունի:

«Մենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք, երբ աշխարհում շատ բան է փոխվում։ Մենք պետք է պատվով անցնենք այս մարտահրավերները»,- ասել է  Սիմոնյանը:

Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նախաձեռնությամբ։ Վյաչեսլավ Վոլոդինն աջակցել է առաջարկին:

  • Կիսվել: