շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վիրավորներ չկան, սահմանին կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն. ՔՊ-ական պատգամավոր

Վիրավորներ չկան, սահմանին կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն. ՔՊ-ական պատգամավոր

Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն եւ ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը:

Հավելելով, որ ՊՆ-ն այդ կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն տարածել է:

Հարցին, թե եթե այդ կրակոցներով չեն թիրախավորում մեր դիրքերը, այդ դեպքում ո՞ր կողմ են կրակում ադրբեջանիցները, նա պատասխանեց. «Ես կողմը չեմ ֆիքսում, բայց դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ և ինտենսիվ չեն:

Ես չեմ կարող ձեզ այդքան բացատրեմ, պետք է գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք՝ դա ինչի համար է արվում:

Օրինակ, ես քաջատեղյակ եմ, որ երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, և էս կողմից, և մյուս կողմից: Դեպքեր են լինում, երբ մենք և իրենք կրակում են օդ, դեռևս 2000-ականներից սկսած: Դա հակառակորդին տեղյակ պահելու համար է, որ մենք մեր դիրքերում ենք և նույնը իրենք էին անում:

Վերջին օրերի այս կրակոցները թիրախավորված չեն, վիրավորներ էլ չկան»,-ասաց նա:

Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այդ կրակոցներից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բնակչության մոտ, այո, անհանգստություն կա, եւ կրակոցները հենց անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար է արվում:

Ադրբեջանը խաղաղության օրակարգը նսեմացնում է շատ պարզ պատճառով, որովհետեւ չի  ուզում կնքել խաղաղության պայմանագիր»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞նց ենք կնքելու այդ պայմանագիրը, նա պարձագանքեց. «Երբ կուզենան երկուստեք՝ կկնքենք»:

  • Կիսվել: