ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Վիլնյուսում տեղի է ունեցել «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը

Վիլնյուսում տեղի է ունեցել «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը

Վիլնյուսի Բեռնարդինների այգում տեղի է ունեցել «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը՝ նվիրված Լիտվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման 35-ամյակին։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից՝ Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի, Լիտվահայերի միության հետ համագործակցությամբ և Լիտվայի ԱԳ նախարարության աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը և Լիտվայի Սեյմասի Լիտվա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ինգրիդա Բրազիուլիենեն։

Միջոցառման ընթացքում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը կատարել է խաղողի օրհնության կարգը՝ ներկայացնելով տոնի խորհուրդն ու հայկական եկեղեցական ավանդույթի նշանակությունը։

Փառատոնին մասնակցել են Լիտվայում և Էստոնիայում գործող հայ ձեռներեցներ ու արտադրողներ, որոնք տեղացի սպառողին ներկայացրել են հայկական խոհանոցը, խմիչքներն ու տարբեր մթերքներ, ինչպիսիք են՝ խորովածը, տոլման, ժենգյալով հացը, հայկական ավանդական գաթան և փախլավան։ Այցելուները հնարավորություն են ունեցել ոչ միայն համտեսելու հայկական ուտեստներ, այլև ծանոթանալու հայկական խոհանոցի ավանդույթներին։ Առանձին տաղավարներով ներկայացվել են «Ջերմուկ» հանքային ջուրը և հայկական գինիներն ու պահածոները։ Հայաստանից միջոցառմանը մասնակցել է «Տերյան» մշակութային կենտրոնը՝ հայկական ավանդական զարդանախշերով աշխատանքներով, ձեռագործ իրերով և հուշանվերներով։

Միջոցառմանը ներկա են գտնվել Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Մշակութային ծրագրի շրջանակում ներկայացվել են հայկական երաժշտությունն ու պարերը, կազմակերպվել են նաև սպորտային ցուցադրություններ, շախմատի և նարդու մրցաշարեր, ինչպես նաև վարպետության դասեր։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է Լիտվայի առաջատար լրատվամիջոցների կողմից։

 

  • Կիսվել: