Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առիթով:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ վերհիշում մայիս ամսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած մեր բովանդակալից քննարկումը։
Դանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու խորացումը։ Հայաստան-Դանիա հարաբերություններում գրանցված վերջին շրջանի զարգացումները նոր հնարավորություն են ընձեռում տարբեր ոլորտներում առկա ներուժն օգտագործելու և փոխգործակցությունը խթանելու համար։
Մենք բարձր ենք գնահատում Դանիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապերի սերտացմանը։
Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս այցելելու Հայաստան, ինչը լավ առիթ կհանդիսանա երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի քննարկման համար։
Մաղթում եմ Ձեզ և Դանիայի կառավարությանը հաջողություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն»։