ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը․ ԵԽԽՎ զեկույց

Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը․ ԵԽԽՎ զեկույց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը։

Փաստաթուղթն անդրադառնում է 2022-ի հունվարից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում անդամ երկրներում տեղի ունեցած զարգացումներին։

Զեկույցում ներկայացված են նաև այդ ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների միջև հանդիպումները Եվրամիության և այլ դերակատարների միջնորդությամբ:

Փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է․ «Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը և իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել ընտրական դաշտի բարեփոխումը, շարունակել դատական համակարգի բարեփոխումները և ամրապնդել մամուլի ազատությունը։ Վեհաժողովը ուշադրությամբ կշարունակի հետևել Հայաստանում ինստիտուտների լիազորությունների հավասարակշռման և ժողովրդավարական մշակույթի հաստատման հետ կապված զարգացումներին»։

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ երկրում երկրում իրավիճակը չի փոխվել։ Մասնավորապես ամրագրված է․ «Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների՝ քաղաքական երկխոսության հավատարմությունը, սակայն ցավում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանում իրավիճակը չի բարելավվել, և օրենքի գերակայության, բազմակարծական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մի շարք մտահոգություններ պահպանվում են։ Դրանք վերաբերում են նաև դատական համակարգի անկախությանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը, միավորումների ազատության և քաղաքական ազատությանը, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ու կալանքի ինստիտուտի հետ կապված ոչ բավարար պայմանների վերաբերյալ խնդիրներին»։

 

  • Կիսվել: