շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վեհափառը Գերմանիայի նախագահին խնդրել է բարձրաձայնել գերիների ազատ արձակման հարցը

Վեհափառը Գերմանիայի նախագահին խնդրել է բարձրաձայնել գերիների ազատ արձակման հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 1-ին Մայր Աթոռ այցելած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը: Մայր Աթոռի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պարոն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Պարոն Շտայնմայերը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման»:

Այսօր մեկնարկում է Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան:

  • Կիսվել: