երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վազգեն Մանուկյանը հիասթափված է ընդդիմությունից և ինքն իրենից

Վազգեն Մանուկյանը հիասթափված է ընդդիմությունից և ինքն իրենից

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից, որովհետեւ կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ Այս մասին Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում այսօր ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի: ՛՛Մյուս կողմից էլ՝ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը՛՛,-ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ իրեն առաջարկում էին, որ ասի, թե աշխատավարձերը բարձրացնելու է եւ այլն, որովհետեւ ժողովրդի մի զգալի մասը ՛՛ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով՛՛:

՛՛Միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել՛՛,-հավելեց Հայրենիքի շարժման փրկության վարչապետի թեկնածուն՝ նշելով, որ ինքը հանրությանը չի ուզում ստել եւ ասել, որ միանգամից փայլուն է լինելու, բայց վստահեցնում է, որ մարդկանց աշխատանքը գնահատվելու է։

Մանուկյանը նաեւ պարզաբանեց, որ իրենց պլաններում էր Հայաստանի ամբողջ տարածքով հանդիպումներ անցկացնել, ֆորում հրավիրել մարզահամերգային համալիրում, որտեղ հրավիրված կլինեին այն մարդիկ, որոնք հրապարակային պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ինքն այդտեղ կներկայացներ Կառավարության ծրագիր, սակայն պլանները խախտվել են ԶՈւ ԳՇ-ի հայտարարությամբ պայմանավորված։

Նա հավելեց, որ հիմա իրենք կփորձեն այդ ծրագիրն իրականացնել, և վստահեցրեց, որ պիտի շարունակվի փողոցային պայքարը:

  • Կիսվել: