շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը

Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը

Ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:

«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում: 

Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: 

Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրավերները, հաղթահարել երկրում օրավուր խորացող քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը:

Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է: 

Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը՝ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: 

Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.

1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

2. Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն: 

3. Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար: 

4. Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020 թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է»,- ասված է հայտարարության մեջ: 

  • Կիսվել: