ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել է մի տղամարդու, իբր կասկածելով, որ նա օտարազգի է և թալանել է. ոստիկանություն

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել է մի տղամարդու, իբր կասկածելով, որ նա օտարազգի է և թալանել է. ոստիկանություն

Հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 1.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Փոխհամաձայնության չգալով՝ տղամարդը հրաժարվել է առաջարկից: Մեքենայի վարորդն իբր կասկածել է, որ տղամարդն օտարազգի է, նրան նստեցրել է ավտոմեքնան ու շարժվել դեպի Գորիս։ Ավտոմեքենան է նստել նաև զինվորական վերնազգեստով մի քաղաքացի, որը գրպանից հանելով ատրճանակ՝ սպառնացել է հանգիստ չմնալու դեպքում կրակել։ Տղամարդու մոտից հափշտակել են փող, բջջային հեռախոս ու Wi-Fi ցրիչ սարք: Այնուհետև նույն մեքենայով տղամարդուն տեղափոխել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ և հեռացել:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեն Գորիս քաղաքի 37-ամյա երկու բնակիչներ։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնաբերվեցին և ներկայացվեցին Գորիսի քննչական բաժին։ Տղամարդկանցից մեկը ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը՝ պատյանով, և ցրիչ սարքը:

 

Նրանք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: