հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել. Մարության

Վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ավագանու նիստի ժամանակ գրանցված միջադեպին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։

Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, որ երկու ամիս անց քաղաքային իշխանությունն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել, իսկ ավագանու նիստերը քաղաքակիրթ բանավեճի փոխարեն վերածվել են ամենագռեհիկ հայհոյախոսությունների հարթակի:

Սա, ինչպես ասացի, սպասելի էր, որովհետեւ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ (հիշեցնում եմ՝ ավագանու 65 անդամներից ընդամենը 32-ն են իշխանության ներկայացուցիչ` այսինքն, փոքրամասնությունը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմություն, ու այս պայմաններում խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնալու եւ ի վերջո, վնասելու են մեր քաղաքին։

Հետեւաբար, առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման։

Հ․ Գ․ Մեր քննադատները սեպտեմբերին ասում էին, թե նոր ընտրության գնալու առաջարկը ընդունելի չէ, իբր «ստեղծված պայմաններում ավելորդ ծախսեր չանելու համար»: Սա առնվազն ծիծաղելի պատճառաբանություն է, հաշվի առնելով, որ ՔՊ-ն «ստեղծված պայմաններում» մսխում է բյուջեի փողերը՝ ճոխ յուբկաներով երդմնակալությունների, չկայացած սնուփդոգյան համերգների, ամանորյա և այլ տոնակատարությունների վրա՛՛։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու անդամները միմյանց վրա ջուր են շփել, և տեղի է ունեցել ծեծկռտուք:

  • Կիսվել: