«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը». Ալիև
Ադրբեջանը միակ երկիրն է, որը հասել է լիակատար և բացարձակ հաղթանակի։ Այս մասին օկուպացված Քարվաճառ կատարած այցի ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևր։
Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը ճանաչել է Հայրենական պատերազմից և 2023 թվականի ՛՛սեպտեմբերյան գործողությունից՛՛ (նկատի ունի Արցախի օկուպացիան-խմբ.) հետո Ադրբեջանի ստեղծած նոր իրողությունները:
Ալիևն ասել է, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը ձախողվեցին, իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ՛՛ամրագրեցին Բաքվի հաղթանակը՛՛:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը, իբր, ՛՛վերականգնել է տարածքային ամբողջականությունը՛՛ և ստիպել ստորագրել կապիտուլյացիայի ակտը՝ դառնալով տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:
Միևնույն ժամանակ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող գործընթացների անկանխատեսելիությունը:
՛՛Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները՛՛,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներուժը։
՛՛Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։ Պայմանագրեր ենք կնքել մարտական նոր ինքնաթիռների գնման համար, եղածներն արդիականացվել են՛՛,-ասել է նա։
Ալիևը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ շեշտելով, որ այն իր վերջին օրերն է ապրում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ նամակով դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։


