հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները. Իոաննիսյան

Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները. Իոաննիսյան

Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիրը» ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Չմտնելով բոլոր տեսակի կեղտոտ քայլերի իրավական քննարկումների մեջ` պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ընդդիմությունը գումարային առումով ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն:

Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն` 13: Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: Այդպիսին է վարդենիսցիների` ընտրություններով արտահայտված կամքը:

Բայց ՔՊ-ն չի համակերպվում այդ իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա, ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան` բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:

Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է ՔՊ-ն դիմում այդ բոլոր, ըստ էության, ժամանակ ձգող քայլերի, եթե, միևնույնն է, համայնքի ավագանիում ունի 27 տեղերից միայն 13-ը: Ասեմ (ենթադրեմ), որ այդ ընթացքում փորձի ուժայինների ճնշումներով և/կամ առնելով իր կողմ քաշի ավագանու գոնե մեկ անդամի և ստանալով մեծամասնություն՝ վերցնի համայնքային իշխանությունը:

Առայժմ, ամեն դեպքում, պարզ է, որ ՔՊ-ն (վարչական լծակների չարաշահմամբ) չի թողնում, որ վարդենիսցիների մեծամասնության քվեները հավաքած ուժերը կարողանան համայնքային իշխանություն ձևավորել՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար:

  • Կիսվել: