ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարդենիսում ընդդիմադիրները չեն դիմի դատարան. Նրանք վստահ են, որ նորից իրենց թեկնածուն ընտրվելու է համայնքապետ

Վարդենիսում ընդդիմադիրները չեն դիմի դատարան. Նրանք վստահ են, որ նորից իրենց թեկնածուն ընտրվելու է համայնքապետ

Քանի որ մեզ չտրամադրեցին համայնքապետարանի կնիքը եւ աշխատասենյակի բանալիները, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները լարվածություն չստեղծելու համար անում ենք հետեւյալ հայտարարությունը: Այս մասին, այսօր Վարդնիսի ավագանու նիստում հայտարարեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանը:

«Ուղիղ կամ միջնորդավորված արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին ի պատասխան երկու խմբակցությունները հայտարարում են, որ մեր օրակարգում չկա մանդատները վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց:

«Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները չնայած վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը վարչական վերաքննիչ դատարանում կբեկանվի, բայց հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը, օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար պաշտոնապես հայտարարում ենք, որ չենք դիմելու վարչական եւ վերաքննիչ դատարան»,-ասաց նա:

Ավելի ուշ «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց իրավիճակը՝ նշելով, որ այս դեպքում, եթե դատարանի որոշմամբ չի ճանաչվում համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը, հրավիրվում է ավագանու նոր նիստ, և նորից Ահարոն Խաչատրյանը միանշանակ ընտրվելու է համայնքի ղեկավար. «Մեր քայլն ուղղված է նրան, որ օր առաջ կարողանանք հանգուցալուծել այս վիճակը եւ անցնել համայնքի ղեկավարմանը»:

 

 

  • Կիսվել: