երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճից ավագանու անդամները դուրս բերվեցին բռնի ուժով

Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճից ավագանու անդամները դուրս բերվեցին բռնի ուժով

Համաձայն օրենքի՝ եթե մինչև ժամը 12։00-ն նիստը չի կայանում, ապա կազմվում է արձանագրություն՝ նիստը հաջորդ օրը կայացնելու համար։ Քանի որ վաղը ոչ աշխատանքային օր է, նիստը պետք է նշանակվի հունվարի 3-ին, ժամը 11։00-ին։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում հայտարարեց աշխատակազմի քարտուղարը։ 

«Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հակադարձեց՝ նիստը պետք է կայանա։

Ըստ Շահնազարյանի՝ այդ ընթացակարգը ճիշտ է այն դեպքում, երբ ավագանու անդամները չեն ներկայանում կամ գրանցումից հետո ինքնակամ լքում են նիստերի դահլիճը, իսկ այս դեպքում ավագանու 14 անդամ գրանցվել է, քվորում ապահովված է։

«Իսկ այսօր բոլորս ականատես եղանք, որ նիստերի դահլիճից ավագանու անդամները դուրս բերվեցին բռնի ուժով, ինչն աննախադեպ երևույթ է ողջ ՀՀ պատմության ընթացքում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Նա ընդգծեց՝ ստեղծվել էր ֆորսմաժորային իրավիճակ, իսկ այդ դեպքում հարկադրաբար ընդհատված նիստը պետք է շարունակվի իրավիճակի հարթվելուց հետո։ «Հիմա իրավիճակը հարթվել է, և ավագանու անդամները ներկա են նիստին»,-ասաց նա՝ հորդորելով, որ ավագանու տարիքով ավագ անդամը վարի նիստը, և կայանա համայնքապետի ընտրությունը։

Ավագանու ընդդիմադիր անդամը հորդորեց հրավիրել նաև ավագանու բացակա անդամներին՝ ՔՊ ներկայացուցիչներին։

Աշխատակազմի քարտուղարը ՔՊ անդամներին հանդիպելուց հետո վերադարձավ և պնդեց, որ ընդդիմադիրների առաջարկը կանոնակարգով չի սահմանվում, ոչինչ չի կարող անել, պետք է նիստը տեղափոխվի։

  • Կիսվել: