Վարդան Ղուկասյանը մտել է քաղաքականություն, որպեսզի պաշտպանվի քրեական գործերից. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն կանի՝ արդյո՞ք Սարիկ Մինասյանին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե՞ ոչ, պետք է ուղղակի սպասել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի»,-նշեց նա։
Հարցին՝ ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվո՞ւմ են բանակցել՝ ի պատասխան Ալեքսանյանը նշեց.«Չէ , ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք։ Իրենք իրար հետ լավ բանակցում են։ Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է։ Մնացածն էլ՝ ինչպես կդասավորվի։ Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է քաղաքապետ ընտրվելուց հետո իշխանությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցնի, Ալեքսանյանը նշեց.« Իշխանությունը ոչ մեկին չի բռնում։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը հետևյալն է՝ հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»։