ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. Ալեն Սիմոնյան

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. Ալեն Սիմոնյան

Տրամաբանական է, որ այն ուժը, որը ամենաշատը ձայներ է հավաքել, նա էլ քաղաքապետ ընտրի, իսկ մնացած տարբերակները, չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու, և դա բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների վրա, որովհետև նմանատիպ չակերտավոր մեկժամյա, մեկ գիշերվա կոալիցիան, չեմ կարծում, որ կկարողանա ապահովել բնականոն գործունեությունը: Սա իմ կարծիքն է: Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝  պատասխանելով վաղը Գյումրիում կայանալիք ավագանու առաջին նիստի վերաբերյալ հարցերին:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Վարդան Ղուկասյանը (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան - խմբ.) կկարողանա՞ աշխատել Կառավարության հետ, Սիմոնյանը պատասխանեց՝ վերջինի մասին իր կարծիքը ասել է, և այն չի փոխվել:

«Ես կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ ում է նա մեղադրում, որ Ղուկասյանն ազատության մեջ է, ով է թերացել, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բոլորս:

«Դե երևի ինչ-որ պահի ինչ-որ տեղ ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք արել, նաև կան հարուցված գործեր, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարուցված գործերն իրենց հանգրվանին կհասնեն»,- ասաց Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: 

Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ 

Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

 

  • Կիսվել: