շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետը կարևորել է ԱԱԾ-ում և Ոստիկանությունում զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումների իրականացումը

Վարչապետը կարևորել է ԱԱԾ-ում և Ոստիկանությունում զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումների իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են մարտի 19-ին՝ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի պարոնայք:

Ուզում եմ շնորհավորել ձեզ գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում նշանակվելու առիթով՝ պարոն Սարգսյան Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու համար և պարոն Մարտիրոսյան Ձեզ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու առիթով: Հայաստանում սովորաբար նման նշանակումներից հետո ընդունված ավանդույթի համաձայն նորանշանակ ղեկավարներին ներկայացնում են կոլեկտիվներին, անձնակազմերին: Բայց այսօր ես որոշեցի ֆորմատը մի փոքր փոխել՝ երկու պատճառով. նախ, որ ձեզ արդեն իսկ որպես ղեկավար ներկայացրել եմ համապատասխանաբար Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին դեռևս ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրը և այդ օրն արձանագրել եմ, որ դուք այդ պաշտոնների ամենահավանական հավակնորդներն եք և ձեր նշանակման մեջ այդ առումով անակնկալ չկա: Եվ երկրորդը՝ արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել: Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային պայքարում կորոնավիրուսի դեմ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ են ներգրավված, որոնք լրջորեն աջակցում են Առողջապահության նախարարությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ այս գործում ներգրավված մեր բոլոր ոստիկաններին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին շնորհակալություն հայտնել և, իհարկե, նաև մեր առողջապահական, բոլոր համակարգերի աշխատողներին, ովքեր այս պրոցեսում աջակցություն են ցուցաբերում:

Այսուհանդերձ, կարծում եմ՝ ձեր նշանակումը լավ առիթ է, որպեսզի մենք ամփոփենք վերջին ամսվա աշխատանքները: Իհարկե, բոլորիս հայտնի է, թե ինչ հանգամանքներում և պայմաններում են իրականացվել կադրային փոփոխությունները Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում, դրա մասին բավականին խոսվել է: Իհարկե, բոլորս իմացել ենք և գիտենք այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել 6 ամիս առաջ Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում և հիմնական հարցը, որ մենք պետք է պատասխանենք հետևյալն է. արդյոք այս 6 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է շրջադարձային փոփոխություններ մտցնել երկու համակարգերի աշխատանքում:

Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց արել ենք ուրիշ բան: Մենք, ըստ էության, ի հայտ ենք բերել խնդիրների շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունենալ: Եվ պետք է ասենք, որ կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակաման գործին:

Ես հստակ արձանագրել և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են: Եվ դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու գործում: Ըստ էության, մենք գույքագրել ենք խնդիրների բավականին մեծ շրջանակ և արձանագրել, որ այդ խնդիրների լուծմանը ուղղակի չկա այլընտրանք: Ակնհայտ է, որ և Ոստիկանությունում, և ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, շատ մեծ շրջանակ, բայց ակնհայտ է նաև, որ երկու համակարգերում ունենք լրջագույն բարեփոխումների և փոփոխությունների կարիք:

Եվ ուզում եմ արձանագրել՝ մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չպետք է ընկրկենք և որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե մենք ուղակի առկա իրավիճակի հետ ժամանակի ընթացքում կհամակերպվենք: Այլընտրանք ուղղակի գոյություն չունի, և մենք պետք է երկու ծառայությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրում իրավակարգի և անվտանգության պահպանության գործում, համապատասխանեցնենք մեր երկրի անվտանգության իրավակարգի և հանրության շահերի բոլոր ժամանակակից պահանջներին:

Ուզում եմ ևս մի բան նշել, որը կարևոր դերակատարում է ունեցել ձեր վերանշակման կամ նշանակման գործում: Կարծում եմ, որ մենք հիմա ԱԱԾ և Ոստիկանության միջև ունենք համագործակցության շատ լավ և բարձր մակարդակ, և դա կարևոր է: Կարևոր է, որ Ոստիկանության և ԱԱԾ միջև անառողջ մրցակցություն չլինի: Կարևոր է իհարկե, որ Ոստիկանությունը և ԱԱԾ նաև փոխլրացնող գործառույթ իրականացնեն: Մանավանդ ձեր ղեկավարության ներքո, ես համոզվել եմ, որ դուք անձամբ չունեք պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, համենայնդեպս չեք տրվում այն միտմանը, որ համակարգերում եղած խնդիրները պետք է թաքցնել, քողարկել, շատ դեպքերում հովանավորել ընդհանուր: Երբեմն նույնիսկ նեգատիվ երևույթները, այդպիսի մղումներն ընդհանուր համակարգի իմիջը խեղաթյուրում են, բայց կարծում եմ, որ բարեփոխումների այս ժամանակաշրջանում նման գործելակերպը չի կարող արդյունավետ լինել:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդհանրապես պետական կառավարման համակարգը և համակարգի նկատմամբ իմիջը, վստահությունը բարձր է լինի ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ բարձր պետք է լինի բնականոն ճանապարհով: Այդ վստահությունը պետք է լինի անկեղծ և ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ կա ըմբռնումը: Դուք ոչ միայն հանձնարարականը արձանագրել եք, այլ ես տեսել և զգացել եմ, որ դրանք անկեղծորեն իրագործում եք, չփորձելով որևէ բան մեղմել, որևէ նեգատիվ մեղմել, որևէ բան քողարկել, որևէ նեգատիվ երևույթի, այսպես ասած պատճառաբանություններ փնտրել և գտնել: Եվ դա իսկապես հույս է տալիս, որ համագործակցությունը, մեր ընդհանուր աշխատանքը, մեր ընդհանուր օրակարգը կարող ենք իրականացնել արդյունավետ կերպով:

Պարոն Մարտիրոսյան, պարոն Սարգսյան կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ձեր ծառայության գործում: Խնդրեմ, եթե ունեք որևէ ասելիք»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան – Մեծարգո վարչապետ, շնորհակալություն վստահության համար: Ծառայությունն Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը հայ ժողովրդին ինձ համար մեծ պատիվ է: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անելու եմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը: Կապահովեմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը: Կանեմ այն ամենը, որպեսզի մեր տնտեսությունը կայուն զարգանա: Խնդիրներն Ազգային անվտանգության մարմիններում, իրոք, կան, ինչպես նաև մյուս պետական կառույցներում, և իհարկե, այդ խնդիրներին լուծում կտրվի: Ես հետևողական եմ լինելու այդ խնդիրների կատարման հարցում: Կրկին ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կանեմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի անվտանգությունը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, վստահության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Շնորհակալ եմ: Խնդրեմ պարոն Սարգսյան:

Ոստիկանության պետ Արման Սարգսյան - Մեծարգո վարչապետ, առաջին հերթին, ցանկանում եմ Ոստիկանության, կարող եմ ասել, որակյալ մեծամասնության անունից հավաստիացնել, որ մենք զգում ենք բարեփոխման կարիքը: Եվ իբրև հանձնարարական ընդունվել է բոլորի կողմից, որ պետք է քայլել ժամանակին համահունչ: Հայաստանի հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաև մեր ինքնամաքրման գործընթացը, որը մենք կատարում ենք ոչ թե նեղսրտելով, այլ պատվով: Եվ սա իմ նշած որակյալ մեծամասնության շնորհիվ համակարգում ցնցումներ չի առաջացնում, այլ ավելի ամրապնդման գործընթացի է վերածվում:

Նաև ցանկանում եմ հավատացնել, որ բոլորը միակամ են և ուզում են տեսնել Ձեր նշած, Ձեր վկայակոչած երազած Ոստիկանությունը: Նաև ինձ համար մեծ պատիվ է ու կփորձեմ այս դժվարին ժամանակներում, որտեղ ի թիվս այլ խնդիրների, նաև ծառացել է բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ բարեփոխումներին համահունչ հասարակական կարգի ապահովման գործընթացն իրականցնել այնպես, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո դրական հետագիծ թողնեմ մեր համակարգում:

Կարծում եմ, սա մեծ պատիվ է, և գիտակցաբար եմ մոտենում սրան: Շնորհակալություն Ձեզ այս ժամանակահատվածում Ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների նկատմամբ ցուցաբերած այդ հոգածության համար: Ու ինչպես նշեցիք, պարոն վարչապետ, այդ համագործակցությունը կարևորում եմ նաև մեր կառույցների միջև: Վստահաբար կարող ենք ասել, որ նման համագործակցված շփում դեռ չի եղել: Սա խորացման միտում է ունենալու, և աշխատանքով դա կփորձենք ապացուցել: Շնորհակալություն վստահության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ես ուզում եմ ևս մի հանգամանքի անդրադառնալ. ըստ էության, և՛ պարոն Մարտիրոսյան, Դուք, և՛ պարոն Սարգսյան, Դուք, ձեր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել եք համապատասխան կառույցներում՝ Ազգային անվտանգությունում և Ոստիկանությունում: Այսինքն բուհն ավարտելուց հետո դուք գործնականում որևէ այլ կառույցում չեք աշխատել: Ես սա հատուկ ընդգծում եմ հետևյալ տրամաբանության նկատառումով. տեսեք՝ Հայաստանում տեղի են ունեցել հսկայական քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններից առաջ ու փոփոխությունների ընթացքում այնպիսի ընկալում է եղել, որ կա գիծ ընդդիմության, որի ներկայացուցիչն եմ եղել ես և Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության միջև: Եվ մինչև այսօր էլ այդ քննարկումը, քննադատությունը կա և այդ քննադատությունն առաջին հերթին ինձ է ուղղված, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի, հնարավոր լինի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկին նշանակել քաղաքական գծին, այսպես ասած, այս կողմում գտնվող մարդկանցից:

Ես ուզում եմ այս պահը հատուկ շեշտել, որ ինձ համար բոլոր առումներով շատ կարևոր է Հայաստանում պետական ինստիտուտների կայացումը, որոնք մաքսիմալ զերծ լինեն քաղաքական փոփոխությունների հետևանքով ցնցումների ենթարկվելուց: Գիտեմ, որ այդ քննադատություններն իմ հասցեին շարունակվելու են, բայց ես առաջին հերթին իմ գործառույթը տեսնում եմ աջակցելը, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և պետական մյուս կառույցներն նախբ և առաջ կայանան որպես պետական ինստիտուտներ, որոնք գործում են հենց առաջին հերթին պետության և ժողովրդի անվտանգության, մեր ազգային անվտանգության շահերից ելնելով և իրենք կախվածություն չունեն ու իրենց ծառայության տրամաբանությունը քաղաքական նպատակահարմարություններից առավել տրամաբանություն չէ: Ես ուրախ եմ, որ մենք ի վերջո կարողացել ենք գնալ այս ճանապարհով, բայց սա մյուս կողմից բերում է շատ լուրջ պատասխանատվություն, այդ դեպքում արդեն մենք այս պատասխանատվությունը կիսում ենք երեքով: Սա բերում է լուրջ պատասխանատվություն և մենք պետք է կարողանանք ապացուցել, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետև շատ կարևոր է, որպեսզի այդ ինստիտուտների կայունությունը պահպանվի, շատ կարևոր է նաև, որ այդ ինստիտուտները բարեփոխվեն և համապատասխանեն այն պահանջներին, որոնք այսօրվա են, որոնք բովանդակային պահանջներ են: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ինստիտուտներում ունենալ այնպիսի ռազմավարական փոփոխությունների պլան, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը լինեն զարգացող մարմիներ, զարգացող ինստիտուտներ, բայց մենք կարողանանք այդ ինստիտուտները հասցնենք կայացման մի փուլի, որը հենված լինի շատ ուժեղ, պրոֆեսիոնալ կադրային հենքի վրա, հենված կլինի պետական գիտակցության վրա և դուրս լինի խմբային շահերի որևէ գիտակցությունից, իհարկե կատարելապես զերծ լինի կոռուպցիայից և այդտեղ նվիրյալների ներկայությունը գնալով ավելի ու ավելի մեծանա ու ի վերջո լինի կրիտիկական զանգված:

Ինչո՞ւ եմ ասում մեծանա, որովհետև գիտեք՝ այսօր ես չեմ կարծում, թե աշխարհում, ընդհանրապես որևէ երկրում կա օրենք, իրավապահ համակարգ կամ պետական կառույց, որտեղ 100 տոկոսով աշխատում են նվիրյալները: Ցավոք աշխարհի որևէ երկրում այդպիսի համակարգ չկա, չի կարող լինել տեսականորեն: Այսօր կարևոր է, թե ովքեր են տոնայնություն ստեղծում ամբողջ համակարգում, ովքեր են տրամադրություն ստեղծում և ես կարծում եմ, որ հաջողված կարող են համարվել այն ինստիտուտները, որտեղ տոնայնությունը և տրամադրությունը ստեղծում են պետական մտածողության մարդիկ, մարդիկ, ովքեր նվիրված են, մարդիկ, ովքեր նվիրյալ են:

Այս առումով ես հավատում եմ և գիտեմ, որ մենք և Ոստիկանությունում, և Ազգային անվտանգության ծառայությունում շատ լուրջ պոտենցիալ ունենք, բայց այսօր մենք ունենք նաև խնդիրներ: Այդ խնդիրներից մեծագույնը հետևյալն է, կամ ավելի ճիշտ եկեք պոզիտիվ ձևակերպենք, խնդիրն այն է, որ երիտասարդ սերնդի համար ծառայությունը Ոստիկանությունում և Ազգային Անվտանգության ծառայությունում լինի առավել գրավիչ, լինի պատվաբեր: Մարդիկ պետք է ձգտեն, հերթեր պետք է գոյանան գրագետ, կրթված, կարող կադրերի, որոնք ուզենան օր առաջ, ժամ առաջ ծառայության անցնել Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում և այնտեղ ծառայության անցնելը պետք է համարվի շատ մեծ, շատ լուրջ հաջողություն: Իհարկե, այսօր էլ, որովհետև չափանիշները շատ խիստ են դրված, բայց ցավոք գրավչությունը մեծ չէ և այստեղ, իհարկե, գործ ունենք անելու և կառավարության մակարդակով, և գերատեսչությունների մակարդակով, և օրենսդրության մակարդակով, և հանրային մթնոլորտի մակարդակով: Եվ մենք ուրեմն այս խնդիրներն է, որ պետք է լուծենք և ես համոզված եմ, որ կլուծենք:

  • Կիսվել: