չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարչապետը բոլոր շեշտադրումներն արեց, դրեց իր տեղը, Ալիեւը փորձեց խուսափել հարցադրումներից, բայց տեղ չկար. Քոչարյան

Վարչապետը բոլոր շեշտադրումներն արեց, դրեց իր տեղը, Ալիեւը փորձեց խուսափել հարցադրումներից, բայց տեղ չկար. Քոչարյան

Մենք բուռն աշխատանքային պրոցեսի մեջ ենք, մի տեղ 4 ժամ, մի տեղ 20 րոպե, ֆորմատները արբեր, բայց պետք է նայել, թե ինչ հարցերի շուրջ ունենք հասկացվածություն եւ ուր ենք  շարժվում խաղաղության խնդիրը լուծելու ճանապարհին. այնպես որ այդ 20 րոպեի մեջ չի խնդիրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 
նրան, որ նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը տեւել է ընդամենը 20 րոպե:

«Եթե նկատել եք, ՌԴ նախագահը այդ հանդիպումների մեջ ֆիքսեց կարեւոր մի դրվագ, որը թողնվել է անցյալում եւ գնում ենք առաջ: Նաեւ ֆիքսվեց մեր վարչապետի կողմից չիրականացված գործողություններ, որ ունեն պարտավորություններ հրադադարի ռեժիմի ապահովման առումով, նաեւ միջանցքի հետ կապված: Շատ կարեւոր էր, որ արձանագրվեց այդ հարցը, որովհետեւ դա չլուծված խնդիր է, որը պետք է լուծվի: Նոյեմբերի 9-ը պայմանագիր է, որտեղ ամեն մեկն իր մասով պետք է իրականացնի: Վարչապետը բոլոր շեշտադրումներն արեց, դրեց իր տեղը, եւ եթե նկատեցիք, Ադրբեջանի նախագահը փորձեց իրեն բնորոշ դիվանագիտական աճպարանքի շնորհիվ խուսափել հարցադրումներից, բայց խուսափելու տեղ չկար: Հստակ գրված է, որ ամեն մեկը պետք է անի սա-սա, իրենք դա չեն արել, նաեւ հակառակն են արել: Հիմա այդ հակառակը այլ քննության առիթ պետք է լինի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած լեզվակռվին, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները մշտապես ասել են, որ այդպիսի միջանցքի թեմա գոյություն չունի:

  • Կիսվել: