Վարչապետն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա:
Հաջորդը՝ կարծում եմ, որ իհարկե շատ բարդ աշխարհքաղաքական և միջազգային վիճակում ենք գտնվում, ամբողջ աշխարհը, և ինչպես տեսնում ենք, այդտեղ ունենք սպառնալիքներ, մարտահրավերներ, բայց մյուս կողմից նաև ունենք հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա: Իսկ թե որ ուղղություններն են ավելի հեռանկարային և հետաքրքիր ձեզ համար, թերևս դուք ավելի լավ կարող եք որոշել:
Միայն մի արձանագրում կարող եմ անել, ինչի մասին թերևս լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդհամենը երկու ամիս առաջ հրապարակված Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրների շարքում ներդրումային և տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, սա նշանակում է, որ որևէ մեկին ալգերված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերվում են միայն նրան, ինչ վերաբերվում է բոլորին: Նկատի ունեմ օրենսդրական որոշակի կարգավորումներ և այդպես շարունակ: Իհարկե Հայաստանի պարագայում կան նաև լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը և այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրն է՝ Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել:
«Եվ մենք պատրաստ ենք լսել նաև ձեր կարծիքները, տպավորությունները, գուցե նաև ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց հետ առերեսվել եք Հայաստանում: Հետաքրքիր կլինի, իհարկե, իմանալ այդպիսի դեպքերի մասին և բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք, որ լուծումներ հնարավոր են՝ լուծումներ կտանք: Կարող են լինել նաև օբյեկտիվ դժվարություններ, որոնց լուծումն իրատեսական չէ, բայց ամեն դեպքում ամբողջական տեղեկատվություն ունենալը մեզ համար շատ կարևոր է հետագա գործունեության մեջ հաշվի առնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը և հանդիպմանը մասնակից կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն:
Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է՝ գործարարների հետ լինել մշտական կապի մեջ և կառավարության գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: