երկուշաբթի, մայիս 23
23 / 5 / 2022
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր:

Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը:

Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»:

Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, նպատակներին, մոտեցումների լավարկմանը, վերափոխմանը, ներդաշնակեցմանը, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները ռազմավարության լավարկման շուրջ:

  • Կիսվել: