հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետի հայտարարությունները համատեքստից դուրս ներկայացնելը քաղաքական որոշ շրջանակների կողմից արվող մանիպուլյացիա է. Մակունց

Վարչապետի հայտարարությունները համատեքստից դուրս ներկայացնելը քաղաքական որոշ շրջանակների կողմից արվող մանիպուլյացիա է. Մակունց

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Սպիտակում հնչեցրած հայտարարությանը, թե «հպարտ եմ, որ պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»:

«Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն էլ են դիտել այդ տեսանյութը և հստակ տեսել են, որ երկու հատվածները և երկու նախադասությունը վերաբերում են տարբեր կոնտեքստերի: Ամեն ինչ տեսանյութում կա:

Հպարտությունը վերաբերել է նրան, որ մենք հպարտանում ենք մեր զինվորներով, ովքեր ի հեճուկս ամենադաժան պատերազմի, թեկուզ վիրավոր՝ կարողացել են պահել Արցախը և ՀՀ սահմանները»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ այսօր անգամ առաջատար երկրներ, օրինակ՝ Գերմանիան, վերանայում է իր ռազմական քաղաքականությունը, ռազմավարությունը՝ մեջբերելով և հիմնվելով Ղարաբաղյան պատերազմի դրսևորումների վրա:

Մակունցի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած նախադասությունները համատեքստից դուրս ներկայացնելը քաղաքական որոշ շրջանակների կողմից արվող մանիպուլյացիա է, ինչը, ըստ նրա, բնորոշ է վերջին երեք տարիների նրանց գործելաոճին:

  • Կիսվել: