կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գնումների գործընթացի բարելավմանը և նախատեսվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գնումների գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ճկուն կարգավորումների սահմանմանը, մեկ անձից և մրցակցային գնման ձևաչափերին ու ընթացակարգերին, թվային համակարգերի զարգացմանը և վերոնշյալ ուղղություններով նախատեսվող փոփոխություններին: Վարչապետին են ներկայացվել պետական գնումների գործընթացում արհեստական բանականության գործիքի ներդրման հնարավորությունները, իրավական դաշտի խնդիրների լուծման անհրաժեշտ քայլերը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է պետական գնումների գործընթացի հետևողական բարելավումը, ինչը կնպաստի պետական ծրագրերի առավել արդյունավետ և առանց ձգձգումների իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ամփոփել ներկայացված առաջարկությունները՝ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու նպատակով:  

 

  • Կիսվել: