երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչական  ռեսուրսի կիրառումը կամ մարդկանց հավաքներին բերելը որեւէ տրամաբանություն չունի. Ավինյան

Վարչական ռեսուրսի կիրառումը կամ մարդկանց հավաքներին բերելը որեւէ տրամաբանություն չունի. Ավինյան

Ես քվեարկել եմ հանուն Երեւանի շարունակական զարգացման, հանուն մեր եւ մեր երեխաների ապագայի եւ ավելի լավ քաղաքի: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ընտրության էր եկել դստեր հետ:

Անդրադառնալով վարչական ռեսուսրի կիրառմանը, մեկ հասցեում տասնյակ մարդկանց գրացված լինելու մասին մեղադրանքներին, նա ասաց. «Ես հետեւում էի այդ վիդեոյին, որ երեկ պտտվում էր, որեւէ տրամաբանություն չկա մեզ մեղադրելու, որովհետեւ կարծում եմ՝ ընտրությունների վերջում կարող եք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության: Դա մեզ հետ որեւէ կապ չունի: Իմ տեղեկատվությամբ ինչ-որ ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ եւ մարդ է եղել, որ գրանցել է իրենց»:

Նա հավելեց, որ նոր բան չէ, որ մեկ հասցեի վրա մեծ թվով մարդիկ են գրացված:

Ինչ վերաբերում է ավտոբուսներով մարդկանց իրենց հանրահավքներին բերելուն, Ավինյանն ասաց. «Ես վարչական ռեսուրսի մասին անընդհատ, չափից շատ եւ որոշ տեղերում կեղծ բարձրաձայնվող թեմային անդրադարձել եմ: Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական  ռեսուրսի կիրառումը կամ մարդկանց հավաքներին բերելը որեւէ տրամաբանություն չունի: Եկեք մեղադրանքների տրամաբանական շղթան չկորցնենք»:

Անդրադառնալով ընտրացուցակներում հանգուցյալների անունների առկսյությանը, ՔՊ-ի թեկնածուին ասաց. «Անճշտություններ կարող էին լինել, բայց նաեւ ընտրություններից հետո կարելի է ստուգել՝ ովքեր են գնացել ընտրությունների եւ արդյոք այդ անճշտություններով հանդերձ այդ մարդիկ գնացել են եւ դիմացը ստորագրություն եք տեսնում»:

Նա ընդգծեց, որ դատապարտել է ՔՊ-ի երթի ժամանակ լրագրողի Անի Գեւորգյանի նկատմամբ բռնությունը. «Ես միշտ որեւէ տեսակի բռնություն դատապարտել եմ, լինի վերբալ, լինի ֆիզիկական»: Նա կոչ արեց Անի Գեւորգյանին իր բողոքը ներկայացնել համապատասխան իրավական մարմիններին:

  • Կիսվել: