ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ:

«Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս:

Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:

Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները:

Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք:  

Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է:

Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է»,- ասված է Դումանյանի շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: