Վահրամ Աթանեսյանը թարմացրել է Վազգեն Մանուկյանի հիշողությունը. Քելբաջարի ազատագրման գործում նրա ներդրումը չնչին է
Ռուսներն ասում են՝ дожили: Հանդուրժողականությունից խոսում է մի քաղաքական գործիչ, որ հայ իրականության մեջ կարող է հավակնել անհանդուրժողականության կարապետի դափնիներին: Եւ նա Վազգեն Մանուկյանն է, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը, որ պաշտոնավարեց հազիվ մեկ տարի, ապա դարձավ ամենակոշտ ընդդիմություն, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:
«Այսօր նա «մառազմ» է որակում Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը, որ Արայիկ Հարությունյանը քննարկումներ չի ունենա վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի հետ:
Վազգեն Մանուկյանը շրջափոխում է.
«Անկախ նրանից որքան սուր ընդդիմություն ենք եղել, միշտ էլ Ղարաբաղը այն հարցն է եղել, որը միավորող է եղել, եւ Ղարաբաղի ղեկավարությունը միշտ գիտակցել է, որ դա ամբողջ հայությանը միավորող հարցն է, այդտեղ իշխանություն, թե ընդդիմություն, նշանակություն չունի»:
Ուզում է ասել՝ Արթուր Վանեցյանը նախագահ Հարությունյանի հետ Արցախի հա՞րցն էր ուզում քննարկել: Իսկ Վանեցյանն ունի՞ Արցախի հարցի կարգավորման հայեցակարգ: Վանեցյանը Արցախի հարցով համազգային կոնսենսուսի հասնելու խնդիր դրե՞լ է: Եթե մի գործիչ հայտարարում է, որ քաղաքականություն է մտել Հայաստանում իշխանափոխության օրակարգով եւ այդ նպատակի շուրջ է պատկերացնում համախմբում, ապա Արցախի նախագահը նրա հետ ի՞նչ քննարկում կարող է ունենալ: Միշտ է այդպես եղել՝ Արցախում Հայաստանի իշխանափոխության թեմա չի քննարկվել ոչ մի նախագահի օրոք:
Վազգեն Մանուկյանին հիշեցնելու մի բան ունեմ. երբ նա 1996թ. Հայաստանի նախագահի թեկնածու էր եւ այլ ուժերի հետ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր պատերազմից անտեղյակության մեջ, Արցախից հետեւեց Պաշտպանության բանակի հրամատարի ոչնչացնող արձագանքը. «Քելբաջարի ազատագրման գործում Վազգեն Մանուկյանի ներդրումը չնչին է»:
Փոխվել են ժամանակները: Վազգեն Մանուկյանի հրոսակներից դաժանորեն ծեծված՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանն այսօր Արթուր Վանեցյանի (հետեւաբար նաեւ Վազգեն Մանուկյանի) գաղափարակիցն է եւ Արցախում գործընկեր են փնտում՝ տեսք տալու Փաշինյանի հրաժարականի «համաժողովրդական պահանջին»:
Համակիրներ կարելի է փնտրել եւ նույնիսկ «հոգեորս» կազմակերպել: Բայց՝ ոչ Արցախի նախագահի նստավայրում: ԱՀ նախագահի խոսնակն ընդամենը սա է ասել»,- գրել է քաղաքագետը:


