ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը․ Վահագն Խաչատուրյան
Եվրոպական միությանն անդամակցությանը պատրաստվելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Այդ գործընթացը ենթադրում է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև մտածողության ու եվրոպական արժեքների նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխություն։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խաչատուրյանի խոսքով՝ Չեխիայի նախագահը, խորհրդարանի ղեկավարներն ու մյուս պաշտոնյաները շատ դրական են վերաբերվում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությանը և այդ ուղղությամբ ընդունված օրենքին։
«Նրանք շատ դրական են տրամադրված տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Կարծում եմ՝ շատ դրական են տրամադրված նաև մեր ընդունած օրենքի, այսօր վարվող քաղաքականության և Եվրամիության հետ մեր համագործակցության գործընթացի նկատմամբ։
Որևէ ձևով չեն ասել, որ չենք կարող կամ դա հնարավոր չէ։ Նման խոսակցություն չկա։ Նրանք նայում են մեր ցանկությանն ու պատրաստակամությանը»,- ասել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանը չեխ պաշտոնյաներին ներկայացրել է նաև Հայաստանի գնահատականը, որ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ու հետևողական աշխատանք իրականացնել։
«Ես նրանց կոնկրետ ներկայացրել եմ, որ հասկանում եմ՝ մեզ համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Մենք պետք է երկարաժամկետ տրամադրվենք, որպեսզի գա այն օրը, երբ պատրաստ կլինենք ասել, որ իսկապես արդեն պատրաստ ենք դառնալու Եվրամիության անդամ, և հնարավոր կլինի քննարկել մեր հարցը»,- նշել է նա։
Նախագահի խոսքով՝ Հայաստանը համապատասխան աշխատանք պետք է իրականացնի իր ներսում, քանի որ ԵՄ անդամակցությանը պատրաստվելը չի սահմանափակվում միայն օրենքների փոփոխությամբ։
«Մենք դեռ պետք է այդ ճանապարհն անցնենք, այդ աշխատանքը կատարենք երկրի ներսում, որովհետև դա միայն օրենքների փոփոխություն չէ։ Դա, ըստ էության, նաև մտածողության և շատ դեպքերում մեր վերաբերմունքի փոփոխություն պետք է լինի»,- ընդգծել է Խաչատուրյանը։
Նա անդրադարձել է նաև եվրոպական արժեքների մասին Հայաստանում տարածված պատկերացումներին՝ նշելով, որ ժողովրդավարության և ազատության վարկաբեկման նպատակով դրանք երբեմն ներկայացվել են իրականությունից տարբերվող ձևով։
«Մեզ եվրոպական արժեքները շատ դեպքերում այլ կերպ են ներկայացրել՝ ընդհանրապես ժողովրդավարությունը, ազատությունը և մնացածը վարկաբեկելու համար։
Դրանք կապել են մեր ավանդույթների, ընտանեկան հարաբերությունների և նման հարցերի հետ, բայց իրականում այդ ամենը չկա։ Մենք հիմա շփվում ենք այդ մարդկանց հետ և տեսնում ենք՝ ինչպես են ապրում։ Բոլորն էլ ունեն իրենց սովորությունները, ավանդույթները, վերաբերմունքն ընտանիքի նկատմամբ»,- ասել է նախագահը։
Խաչատուրյանի գնահատմամբ՝ եվրոպական հասարակությունների իրականությունն ու եվրոպական արժեքների վերաբերյալ հակաարևմտյան քարոզչությամբ ներկայացվող պատկերը էապես տարբերվում են։
«Իրականությունն այլ է, իսկ հակաարևմտյան արժեքների վերաբերյալ քարոզչությունը, որն այժմ նաև նոր թափ է ստանում, բոլորովին այլ բան է ներկայացնում»,- նշել է նա։
ՀՀ նախագահի խոսքով՝ Չեխիայում Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ չեխ գործընկերները տեսնում են՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ձգտումները ձևական չեն և չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։
«Նրանց գնահատականը և վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ պայմանավորված են նաև նրանով, որ տեսնում են՝ մեր ձգտումները ձևական չեն, դրանք միայն խոսքով չեն, այլ շատ գործնական են։
Այդ ձգտումների շրջանակում, երբ մենք մի քայլ ենք անում, նրանք ևս մեկ քայլ են անում»,- ասել է Խաչատուրյանը։
Նախագահն այս համատեքստում հիշատակել է ԵՄ խորհրդի՝ հայկական արտադրանքի համար առևտրային արտոնություններ նախատեսող որոշումը՝ այն կապելով Հայաստանի իրականացրած քաղաքականության և դժվարությունների բախված գործարարներին պետական աջակցություն ցուցաբերելու հետ։
«Ինչո՞վ էր պայմանավորված ԵՄ խորհրդի վերջին որոշումը։ Նրանք տեսան, որ մենք իսկապես աշխատում ենք այդ ուղղությամբ։ Տեսան, որ կառավարությունը լրջագույն աջակցություն է ցուցաբերում հատկապես այն գործարարներին և գործարար շրջանակներին, որոնք հայտնվել են բավականին դժվար վիճակում։
Նրանց կողմից շատ գնահատելի է, որ պետությունն իրականում կանգնած է գործարարների կողքին։ Դա կապ չունի՝ փոքր են, թե մեծ, բայց տվյալ դեպքում մեզ ավելի շատ անհանգստացնում էր փոքր ձեռնարկատերերի խնդիրը»,- նշել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով՝ խոշոր արտադրողների դեպքում խնդիրների լուծումն ավելի դյուրին էր, քանի որ, օրինակ, մեծ ջերմոցային տնտեսությունները և ծաղիկ արտադրողները որակյալ ու եվրոպական շուկայում պահանջված արտադրանք են առաջարկում, մինչդեռ փոքր արտադրողների դեպքում դեռ անհրաժեշտ է հասկանալ արտադրանքի հնարավորություններն ու համապատասխանությունը։
Նախագահն ընդգծել է, որ Չեխիայի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ քննադատական վերաբերմունքի նույնիսկ նշույլ չի եղել։
«Այդ խոսակցությունների ընթացքում քննադատական որևէ խոսք, նույնիսկ նշույլ չկար։ Չեն ասել՝ դեռ գիտե՞ք, թե ինչ ճանապարհ պետք է անցնեք։ Մոտեցումն այսպիսին էր՝ դուք պատրաստ եք, ցանկություն ունեք, խնդրեմ։
Մենք էլ պատրաստ ենք ձեզ հետ աշխատել, աջակցել և հուշել։ Այդ թվում՝ հենց Չեխիայի հետ կարող ենք բազմաթիվ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի կարողանանք ավելի պատրաստ լինել»,- եզրափակել է Վահագն Խաչատուրյանը։



