ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի խորհրդարանի պատգամավորներին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի խորհրդարանի պատգամավորներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:

Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
 
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը:
 
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին:
 

  • Կիսվել: