երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վահագն Ալեքսանյանը՝ Ստամբուլյան խարտիայի և այդ փաստաթղթի տակ Ռոբերտ Քոչարյանի ստորագրության մասին

Վահագն Ալեքսանյանը՝ Ստամբուլյան խարտիայի և այդ փաստաթղթի տակ Ռոբերտ Քոչարյանի ստորագրության մասին

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Ստամբուլյան խարտիային, որի տակ ստորագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«1999 թվականի նոյեմբերին՝ հոկտեմբերի 27-ից մի ամիս էլ չանցած, Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որն անվանում են Ստամբուլյան խարտիա կամ ԵԱՀԿ-ի 21-րդ դարի սահմանադրություն:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորներից մեկը՝ Աննա Գրիգորյանը, իր հարցազրույցներից մեկում ասաց, որ դրանով Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, այլ ճիշտ հակառակը: Նույնն ասել էր նաև Ռոբերտ Քոչարյանը ամիսներ առաջ:

Թույլ տվեք ցիտել Ստամբուլյան խարտիայի 19-րդ կետը.

«Մարդու իրավունքների լիակատար հարգումը, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, հանդիսանալով ինքնանպատակ, չեն կարող խաթարել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն կարող են ամրապնդել դրանք: Ինքնավարության բազմաթիվ կոնցեպտները, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթում նշված այլ  մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, հանդիսանում են գոյություն ունեցող պետության ազգային փոքամասնությունների էթնիկական, մշակութային և կրոնական ինքնօրինակության պաշտպանության և խրախուսման միջոցներ»:

Ի՞նչն է ստիպում Ռոբերտ Քոչարյանին ու իր թիմակիցներին խոսել այն մասին, որ իրականում սրանով ոչ թե ճանաչում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, այլ հակառակը: Այստեղ գործ ունենք գավառական շուստրիության հետ:

Այստեղ հարցն այն է, որ խարտիայում քննարկվում են մի շարք կոնֆլիկտների լուծումներ, տարբեր կոնֆլիկտների տակ գրված է, որ այսինչ կոնֆլիկտը պետք է լուծվի այսինչ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ո՜վ զարմանք, առանձին դրույթով չկա նշված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Բայց գոյություն ունի այս ընդհանուր դրույթը, որն առավել քան միանշանակ է»,- ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ այստեղ ամեն ինչ միանշանակ է:

«Առավել քան ակնհայտ է, որ 1999 թվականին այս խարտիայի տակ ստորագրելով` Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն է տվել նրան, որ Ադրբեջանի տարածքում ապրող հայերի իրավունքները չեն կարող խաթարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց Ալեքսանյանը:

  • Կիսվել: