հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուզում եք մաշեցման գործընթաց, չի ստացվելու՝ նոր սերունդն արդեն քաղաքական օրակարգն ու մանդատն ունի․ Քոչարյանը՝ ընդդիմությանը

Ուզում եք մաշեցման գործընթաց, չի ստացվելու՝ նոր սերունդն արդեն քաղաքական օրակարգն ու մանդատն ունի․ Քոչարյանը՝ ընդդիմությանը

Այսօրվա շշանետումը բացառիկ շշանետում էր՝ անհաջող, փուստ գնաց։ Այս կերպ իր ելույթն այսօր ԱԺ-ում սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմադիրներին։

«Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետումը կանխելու գործընթացում, բայց 8-ում ես չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր՝ 7 տարի Պաշտպանության բանակը ղեկավարած և 8 տարի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։ Պատկերացրեք պարոն Օհանանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, ինքն իրեն կարո՞ղ էր տիրապետել, ես վստահ չեմ։ Հայաստան դաշինքը մտածելու բան ունի, որովհետև Հայաստան դաշինքը միայն ՀՅԴ-ն չէ, որն ըստ էության տեսանելի քաղաքական օրակարգի շուրջ է փորձում տեսակետներ ասել։ Այստեղ կա հայտնի քոքերը մաշեցնող լիդերի ներկայությունը՝ Ռոբերտ Քոչարյանի, որի կողմից պարոն գեներալ-գնդապետը նշանակվել է Հայաստան խմբակցության ղեկավար։ Կա նաև Քոչարյանի փաստաբանը, պարոն Արմեն Գևորգյանը։ Պրոցեսներ են գնում։

Երբ այս տուրուդմփոցը գնաց, Աղվան Վարդանյանի դեմքի հրճվանքը ինձ զարմացրեց։ Ես իրեն դիտողություն արեցի՝ պարոն Վարդանյան, ինչի՞ վրա եք հրճվել։ Հիմա չգիտեմ՝ ինքը Դաշնակցության անդա՞մ ա, հեռացված ա, սառեցված ա, ոչ մեկ չգիտի։ Բայց որ Ռոբերտ Քոչարյանի համակարգի անդամ ա, կասկած չկա»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Ազգային ժողովը պատերազմի դաշտ չէ, ընտրություններն ավարտվել են, ուզած թե չուզած, պետք է աշխատել։

«Ուզում եք մաշեցման գործընթաց, չի ստացվելու։ Նոր սերունդն արդեն քաղաքական օրակարգն ու մանդատն ունի, համակերպվեք այդ իրողության հետ կամ այս տուրուդմփոցը մեզ ոչ մի տեղ չի տանի։ Եվ մենք բոլորս այս երկրի անվտանգության երաշխավորներն ենք, հետո նոր կխոսենք Արցախի անվտանգության մասին։ Մի հատ մեր ներքին անվտանգության խնդիրները փորձենք լուծել, էս ի՞նչ է»,- նշեց Քոչարյանը

  • Կիսվել: