երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում ենք դառնալ «Խաղաղության խաչմերուկ», քանի որ մուրում ենք խաղաղություն. Վարդան Օսկանյան

Ուզում ենք դառնալ «Խաղաղության խաչմերուկ», քանի որ մուրում ենք խաղաղություն. Վարդան Օսկանյան

«Խաղաղության խաչմերուկ» ուզում ենք դառնալ, քանի որ մենք մուրում ենք խաղաղություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, արտգործնախարարն էլ ասաց, որ շուտով կարող ենք լավ լուր ստանալ հայ-թուրքական սահմանի մասին։ Հարց է ծագում, թե այս բոլորը ի՞նչի հաշվին է արվելու, ի՞նչի հաշվին է լինելու խաղաղությունը, բացվելու հայ-թուրքական սահմանը։ Ի հաշիվ նրա, որ Արցախը սկուտեղի վրա նվիրել ենք Ադրբեջանին, որ միգուցե միջանցք կտա՞նք Թուրքիային ու Ադրբեջանին, կտա՞նք անկլավներ, կհյուրընկալե՞նք 100 հազար ադրբեջանցի, Սահմանադրության ինչ-որ դրույթնե՞ր կփոխենք, Ցեղասպանությու՞նը կմոռանանք։

Այս բոլորի արդյունք կլինի խաղաղությունն ու սահմանի բացումը։ Մենք խաչմերուկ ենք, քանի որ չորս հարևան ունենք, իսկ «խաղաղության խաչմերուկ» ուզում ենք դառնալ, քանի որ մենք մուրում ենք խաղաղություն, մինչդեռ Ադրբեջանն ավելի լավ «խաղաղության խաչմերուկ կարող է լինել», հինգ հարևան ունի և դա լավագույն քննությունը կլինի, թե արդյոք իրենք ուզում են խաղաղություն, թե ոչ։

Խաղաղության ամենամեծ գրավականը կլինի, եթե Ադրբեջանը համաձայնի, որ արցախահայերը վերադառնան իրենց տները միջազգային ինչ որ երաշխիքներով, թեկուզև ինչ որ աստիճանի ինքնավարությամբ, որ կարողանան իրենց անվտանգությունը ապահովեն։ Դա կլինի ամենամեծ քննությունը Ադրբեջանի ու Թուրքիայի համար, եթե իրենք իրոք ուզում են խաղաղություն, այ դա կլինի «խաղաղության խաչմերուկ»։

Օսկանյանը հավելել է, որ այսօր մեր գլխավոր խնդիրը պետք է լինի արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը:

 

  • Կիսվել: