չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուզում եմ, որ գերեվարվածների ու անհետ կորածների հարազատները վստահ լինեն՝ ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին. վարչապետ

Ուզում եմ, որ գերեվարվածների ու անհետ կորածների հարազատները վստահ լինեն՝ ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին. վարչապետ

Այս պահին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո կազմակերպված երթը:

Նշենք, որ  Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց, որ առաջին հերթին պետք է լուծվեն մեր անհետ կորածների ու գերեվարվածների հարցերը, բայց դրանց հրապարակային քննարկումները, ըստ վարչապետի, նպատակահարմար չեն:

«Նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց ես չեմ ուզում մանրամասնել: Ուղղակի ուզում եմ, որ մեր գերեվարված ու անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել, որ իսկապես ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, և հավատացեք՝ մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը»,- ասաց վարչապետը:

Հանուն մեր նահատակների՝ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը և դրանով քաղաքական որևէ հարց լուծելը պետք է բացառվեն, մենք Հայաստանի ներսում թշնամի չենք ունեցել և չենք ունենալու՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե մեր երկրում օրինականություն չի հաստատվելու:

«Բայց ՀՀ-ում օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ժողովրդական կամքով իրար հետ օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և ԶՈՒ քաղաքականացումը: Մենք դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաև դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու Կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան:

Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել՝ ոչ: Եվ ճշմարտությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր էսօր ուզում են տանկերով ժողովրդին տրորել, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են, և այդ մարդիկ այլևս երբեք Հայաստանում իշխանություն չեն լինելու, որովհետև Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայն ու միայն, բացառապես ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը՝ առաջարկելով այսօրվա հանրահավաքն ավարտել երթով:

«Ամենակարևորը՝ հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց՝ տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդը անհաղթահարելի ուժ է, ժողովուրդը հզոր է, ժողովուրդը հպարտ է, ու ժողովուրդը հաղթելու է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: