ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուզու՞մ եք՝ դռնփակ նիստ արեք, բերեմ, բանակցային բովանդակությունը բոլորիդ ներկայությամբ դնեմ սեղանին. Փաշինյանը՝ Խամոյանին

Ուզու՞մ եք՝ դռնփակ նիստ արեք, բերեմ, բանակցային բովանդակությունը բոլորիդ ներկայությամբ դնեմ սեղանին. Փաշինյանը՝ Խամոյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հակադարձեց նրա այն հայտարարությանը, թե ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորները ՛՛ադրբեջանական նարատիվ են տարածում՛՛, եւ որ Հայաստանում գոյություն ունեն ՛՛ադրբեջանական ազդեցության ցաներ՛՛՝ ակնարկելով ընդդիմությանը:

Խամոյանն ասաց, որ Փաշինյանը լավագույնս պաշտպանում է Ադրբեջանի շահերը, քանի որ այդ նա է Ալիևին կիրթ համարել, նրա հետ վերելակում իր նոթատետրի մեջ գրառումներ արել, նրա օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, ուստի հնարավո՞ր է՝ Փաշինյանն ինչ-որ փուլում վարչապետի պաշտոնը փոխանցի թիմակիցներից որեւէ մեկին:

Պատասխանելով Խամոյանին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Ձեր ժամանակ՝ 2010թ. վարչատարածքային բաժանման մասին ընդունած օրենքով ընդունել եք, որ դա Ադրբեջան է, հերիք է մանիպուլյացիաներով զբաղվեք: Էդ որ ասում եք՝ պատերազմը կանխեիք, մինչեւ հիմա ձեր երկու քաղաքական ուժը չի հայտարարել, որ դուք լինեիք, ինչ կանեիք, բա ինչի՞ չեք հայտարարում: Պատերազմը կանխելու ձեւը մեկն էր՝ տարածքների վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման: Պատասխանատու ասում եմ՝ 2018թ. ստացած բանակցային ժառանգությամբ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու որեւէ տեսական հնարավորություն չկար, սա ձե՛ր իշխանությունն է թողել, եթե սա դավաճանություն է, ապա դուք եք դավաճան իշխանությունը: Էդ որ ԱԹՍ-ներից եք խոսում, ձեր խմբակցության ղեկավարն է ասել՝ կանսեռվի բանկաները կախեք դիրքերում, որ հակառակորդը գա, իմանանք, ի՞նչ եք եկել էստեղ խոսում:

Ավելին՝ 2016թ. բանակցային գործընթացում աղետ ա տեղի ունեցել՝ Ղարաբաղը կորցրել ա Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական եւ գործնական բոլոր հնարավորություններ: Սա ձեր ժառանգությունն է, եւ ես դա կապացուցեմ ցանկացած տեղ, ուզում ե՞ք դռնփակ նիստ արեք, բերեմ, էդ բանակցային բովանդակությունը բոլորիդ ներկայությամբ դնեմ սեղանին: Բա էդ ինչի՞ եք գնացել, բանակցային սեղանի շուրջ էդ հերոսին դարձրել սակարկության առարկա: Ի՞նչ եք գոռում, ի՞նչ եք գոռում, ո՛չ, իմ ժամանակը չի՛ ավարտվել, ձե՛րն է վաղուց ավարտվել՛՛:

Արձագանքելով՝ Խամոյանն ասաց. ՛՛Չէի պատկերացնում, որ ՛՛հրաժարական՛՛ բառից նման էմոցիաների մեջ կընկնեք՛՛:

  • Կիսվել: