հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակչում․ ՀՖՖ-ի հայտարարությունը՝ պարտությունից հետո

Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակչում․ ՀՖՖ-ի հայտարարությունը՝ պարտությունից հետո

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նորվեգիայից կրած պարտությունից հետո հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ ունեն մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում։

«Հարգելի երկրպագուներ,

Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:

Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:

Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:

Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:

Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:

Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր 9:0 հաշվով:

  • Կիսվել: