երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»․ Նիկոլ Փաշինյան

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի վերաբերյալ, ՀՀ վարչապետը պատասխանել է․

«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:

Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: «Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է»:

  • Կիսվել: