երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք ուզում ենք ապացուցել, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը. «Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ

Մենք ուզում ենք ապացուցել, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը. «Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ

«Հայաքվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։ ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
 
Ըստ օրենքի` 10-օրյա ժամկետում ԿԸՀ–ն պետք է որոշում կայացնի։ ԿԸՀ–ի դրական պատասխանից հետո կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը։
«Հայաքվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
 
«Ըստ օրենքի` ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների (որոնք հիմա վարչական ղեկավարների նստավայրեր են) և նոտարական գրասենյակների տարածքներում։ Եթե ստրագրողներն ունեն անհատական էլեկտրոնային ստորագրություն, կարող են նաև այդպես մասնակցել»– նշեց Չալաբյանը։
Նա շեշտեց` չի կարծում, թե միայն մեկ գործողությամբ հնարավոր է մեր պատմության ընթացքը փոխել։
 
Համոզված են, որ պետք է լինի գործողությունների համախմբում տարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական, քաղաքական, քաղաքացիական անհնազանդության, Արցախի բնակչության կողմից վճռականություն ցույց տալու և դիմադրելու որոշում։
 
«Այսօր այստեղ գալով և դիմում ներկայացնելով` բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է ձեռնարկի և կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բնավ ո՛չ, բայց սա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել»,– նշեց Չալաբյանը։
Ըստ նրա` դա ունի մի քանի պատճառ` այս գործողությունն իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան, և սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբևիցե չի կիրառվել։
 
«Մենք ուզում ենք ապացուցել և՛ մեր բնակչությանը, և՛ այսօրվա գործող, բայց արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանությանն ու նրանց արտասահմանյան հովանավորներին, որ ՀՀ–ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը, և դա ոչ թե պարզապես խոսակցության կամ սոցիոլոգիական հարցումների մակարդակով է, այլ վճռական «ոչ»–ի»,– ասաց Չալաբյանը։
Նա հավելեց, որ Արցախից բավականին դրական արձագանքներ են ստացել նախաձեռնության առիթով։
 
Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը։

  • Կիսվել: